«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

«Կինոն ռազմավարական հզոր զենք է»-2

«Կինոն ռազմավարական հզոր զենք է»-2
29.06.2026 | 20:43

Սկիզբը՝ այստեղ

(կամ՝ Էկրանային «սրբերն» ու պատմական մարդակերները)

Աշխարհում շքահանդեսի դուրս եկած թուրքական հայտնի սերիալները ոչ թե պատմական վավերագրություն են, այլ քաղաքական ու գաղափարախոսական «փափուկ» զենք, որն ուղղված է հանդիսատեսի ենթագիտակցությանը։

Մեկ կամ երկու սերիալի դիտումն իսկ բացահայտում է՝ թուրքական կինոարտադրությունն իր առջև զուտ բիզնես նպատակ չի դրել: Նրա առաջնային խնդիրն է գրոհել ու նվաճել օտար հանդիսասրահները, փոխել նրանց արժեհամակարգը և «սրբագրել» Թուրքիայի ցեղասպան, բարբարոս կերպարն աշխարհում: Սա մշակութային դիվանագիտություն է, ավելի ճիշտ՝ մշակութային նվաճում՝ առանց զենքի կիրառման:

Պատմական թեմատիկայով սերիալները՝ «Հոյակապ դար», «Հարություն․ Էրթուղրուլ», «Հիմնադրում․ Օսման», իրականացնում են լրջագույն քաղաքական ու գաղափարախոսական ֆունկցիաներ։

Դրանք հիմնականում մատուցում են Օսմանյան կայսրության կամ թյուրքական ցեղերի պատմության սեփական՝ խեղաթյուրված ու խիստ իդեալականացված տարբերակը։

Պսևդոպատմական այդ սերիալներում պարտադիր առաջին պլան են մղվում օսմանյան տիրակալների «արդարամտությունը», «հանդուրժողականությունը»՝ հպատակների հանդեպ, «հումանիզմը» և այլն, և այլն։

Էկրանային սուլթաններն ու ցեղերի առաջնորդները, ի տարբերություն իրենց պատմական նախատիպերի, «մշակութային բարձր արժեքներ կրող» անհատներ են, ովքեր ոչ թե կողոպտելու, մերումանուկ մորթել-վառելու, արյան գետերով արբենալու վրա են ծախսում իրենց թանկ ժամանակը, այլ․․․

Խոսենք կոնկրետ օրինակներով։

«Հոյակապ դար» սերիալի էկրանային սուլթան Սուլեյմանը, որ բարձրահասակ է, աթլետիկ կազմվածքով, մշտապես խնամված արտաքինով, շքեղ թագավորական կեցվածքով և հաճախ կրում է մեր ժամանակների ոճի կտրվածքով մորուք, բնագրով կարդում է Նիկոլո Մաքիավելու «Տիրակալը», Դանթեի «Աստվածային կատակերգությունը», հին աշխարհի մտածողների՝ Պլատոնի, Արիստոտելի, Հոմերոսի ստեղծագործություններն ու շրջապատի հետ վերլուծում-քննարկում դրանք։

Սերիալային Սուլեյմանը թերթում է «Դժոխքի» էջերը և պարունակներից յուրաքանչյուրը պրոյեկտում է իր անցյալի դրվագներով։

Իրեն տեսնում է դժոխքի այն հատվածներում, որտեղ պատժվում են դավաճանները, մարդասպանները, հարազատ արյուն հեղածները։

Դանթեի «Աստվածային կատակերգությունն» իսկական մղձավանջ է դառնում էկրանային սուլթանի համար․ Սուլեյմանին են «այցելում» և հալածում իր իսկ որոշմամբ սպանված հարազատ որդու՝ Մուստաֆայի և հավատարիմ ընկերոջ՝ Իբրահիմի ուրվականները։

Դերասան Հալիթ Էրգենչի դեմքով սուլթանը մաքառում է գործած մեղքերի ու դրանց պատճառով գլուխ բարձրացրած խղճի խայթոցների դեմ։ Կորցնում է քունը, սարսափում է սեփական դաժանությունից և Աստծո դատաստանից։

Էկրանային սուլթանն աշխարհի 80 երկրների շուրջ 500 միլիոն հանդիսականների աչքերում անձնուրաց նվիրյալ է, որ «հանուն պետության հզորության» ստիպված զոհաբերել է սեփական հոգին ու դեռևս ֆիզիկական կյանքում կրում է իր դժոխքը։

Սերիալային տառապանքն ազնվացնում է նրան՝ առաջացնելով հանդիսատեսի կարեկցանքը։

Նրա մոլի ընթերցասիրությունը, անտիկ մտածողների ասույթներով ու մտքերով համեմված խոսքը, գիշերային մղձավանջները, հոգեկան տառապանքները, ինքնաձաղկումն այնպես են ներկայացված, ասես Օսմանյան պալատը եվրոպական Վերածննդի և անտիկ փիլիսոփայության առանցքն է, որի շուրջ է պտտվում ժամանակի քաղաքակրթությունն իր վեհ դրսևորումներով ու սայթաքումներով։

Բայց ճիշտ այն պահին, երբ արհեստականորեն ազնվացրած Սուլեյման-Էրգենչը գալարվում է հոգու ցավերից, հեծկլտում է «Դժոխք»-ն ընթերցելուց հետո, իրական սուլթան Սուլեյման 1-ինը մոլագարի էնտուզիազմով դժոխային այնպիսի հանցանքներ է գործում, որոնք Դանթեին անգամ կսարսռեցնեին։

Սա այն Սուլեյմանն է, որը Մուստաֆա որդուն սպանելուց հետո, հրամայում է խեղդամահ անել մյուս որդուն՝ Բայազիդին և նրա հինգ զավակներին (ամենակրտսերը երեք տարեկան էր), իմա՝ հարազատ թոռներին։

Պատմական աղբյուրները, սակայն, «մոռացել» են հիշատակել այս մարդակերի խղճի խայթոցների մասին։

Դրա փոխարեն արձանագրել են, թե սուլթանն ինչպիսի գոհունակությամբ է նամակ հղել պարսից Շահ Թահմասպին, որ վերջինս հսկայական քանակությամբ ոսկու դիմաց իրեն էր հանձնել հոր վրիժառությունից փախած և Սեֆյան Իրանում հաստատված որդուն՝ հինգ զավակների հետ։

Պատմությունը հիշատակում է նաև՝ 1526 թվականի օգոստոսի 29-ին տեղի ունեցած Մոհաչի ճակատամարտը Հունգարիայի թագավորության համար վերածվեց իսկական աղետի, իսկ դրան հաջորդած իրադարձությունները ցույց տվեցին Սուլեյման I-ի բացարձակ դաժանությունը։

Ճակատամարտի ընթացքում օսմանյան բանակը շրջափակեց և գերի վերցրեց հազարավոր հունգարացի զինվորների, ազնվականների և ասպետների։ Ճակատամարտի հաջորդ օրը՝ օգոստոսի 30-ին, Սուլեյման սուլթանը, գտնվելով իր շքեղ վրանում, արձակեց անխնա կոտորածի հրաման։ Ըստ օսմանյան ռազմական օրագրերի՝ կարգադրեց՝ «ոչ մի գերի կենդանի չմնա»։

Հունգարացի 2 000 ռազմագերիներին շղթայակապ բերեցին սուլթանի վրանի դիմաց գտնվող ընդարձակ դաշտը։

Զինվորներին ստիպում էին ծնկի գալ, և օսմանյան դահիճներն ու ենիչերիները հերթով գլխատում էին նրանց։

Պատմական վավերագրերը հաստատում են՝ «Սուլեյմանն անձամբ բարձունքից հետևում էր այս արյունալի գործողությանը։ Նա դիտում էր զանգվածային մահապատիժը որպես իր հաղթանակի վերջնական կնիք և ազդանշան Եվրոպային»։

Մահապատժից հետո զոհերի գլուխները շարեցին բուրգերի տեսքով՝ հակառակորդին սարսափեցնելու համար։

Օսմանյան պաշտոնական տարեգիրները անսքող հպարտությամբ են նկարագրել այս տեսարանը, նշելով՝ «անհավատների արյունը ողողել էր դաշտը։ Դիակները թողնվեցին անթաղ՝ բաց երկնքի տակ»։

Ոճրագործության մասին ամենացնցող վկայությունը պահպանվել է հենց Սուլեյմանի անձնական արշավանքի օրագրում, որտեղ 1526 թ. օգոստոսի 31-ի տակ սառնասրտորեն նշված է. «Սուլթանը, նստած գահին, ընդունեց վեզիրների և բեկերի շնորհավորանքները, կոտորվեց 2 000 գերի, անձրևը տեղում է հեղեղի պես»։

Պատմական արձանագրություններն անմահացրել են նաև 1553-1554 թվականների արշավանքը, որը պատմության մեջ հայտնի է որպես Սուլեյմանի երկրորդ մեծ արշավանքը Սեֆյանների դեմ։

Սուլեյմանը, բախվելով պարսկական բանակի խուսափողական մարտավարությանը, արձակեց «այրված հողի» հրամանը, որն ամբողջությամբ կործանեց Արևելյան Հայաստանը: Հրահանգեց այրել-ոչնչացնել ամեն ինչ՝ քաղաքներ, գյուղեր, ցանքատարածություններ, ջրհորներ, այգիներ, որպեսզի հակառակորդը զրկվի որևէ պարենից կամ ապաստանից:

1554 թվականի հուլիսին Սուլեյմանի բանակը մտավ Արարատյան դաշտ: Օսմանյան պաշտոնական պատմագիր Ջելալզադե Մուստաֆա Չելեբին, որ անձամբ էր ուղեկցում սուլթանին, իր տարեգրության մեջ անթաքույց հպարտությամբ է նկարագրում․

«Իսլամի բանակը մտավ Երևանի, Նախիջևանի և Ղարաբաղի տարածքներ: Սուլթանի հրամանով հողին հավասարեցվեցին հիասքանչ պալատները, տները, մզկիթներն ու քրիստոնեական եկեղեցիները: Ոչնչացվեցին հարյուրավոր ծաղկուն գյուղեր»:

«Տղամարդկանց զանգվածաբար գլխատում էին, իսկ կանանց ու երեխաներին հազարներով գերեվարում և վաճառում որպես ստրուկներ օսմանյան շուկաներում: Հայ բնակչության մի մասը փորձում էր թաքնվել քարանձավներում ու լեռներում, սակայն նրանց գտնում և անխնա ոչնչացնում էին»:

Երևանից հետո, նահանջի ճանապարհին, Սուլեյմանի բանակը նույնպիսի դաժանությամբ անցավ Արևմտյան Հայաստանի տարածքներով՝ Բայազետ, Էրզրում, Վան: Ամբողջ տարածաշրջանը վերածվեց անմարդաբնակ անապատի:

Ժամանակի հայ հեղինակները փաստել են, որ Սուլեյմանն իր հետևից թողեց սով ու համաճարակներ։ Մարդիկ խոտ էին ուտում, կենդանիների կաշի։

Մարդակուլ այս արշավանքի տրամաբանական ավարտը դարձավ 1555 թվականի մայիսի 29-ին կնքված Ամասիայի հաշտության պայմանագիրը:

Սուլեյմանը և Շահ Թահմասպը, քայլեցին հայերի դիակների վրայով և Հայաստանը պաշտոնապես բաժանեցին երկու մասի.

Արևմտյան Հայաստանն անցավ Օսմանյան կայսրությանը, իսկ Արևելյանը՝ Սեֆյան Իրանին:

Այս բաժանումն էլ կանխորոշեց հայ ժողովրդի ստրկական և անիրավահավասար վիճակը հաջորդող դարերի ընթացքում:

Վավերագրական այս փաստերը լավագույնս են ապացուցում, որ իրական Սուլեյմանը ոչ թե Դանթեի տողերի շուրջ տառապող հումանիստ էր, այլ պատերազմի դաժան պրագմատիկ, ով առանց վարանելու ոչնչացնում էր հազարավորների։

Բայց «Հոյակապ դար» սերիալում 1553-1554 թվականների արշավանքը ներկայացվում է որպես «փառահեղ հաղթանակ» և «աշխարհին արդարություն բերելու» առաքելություն, իսկ Սուլեյմանը ներկայացվում է որպես իմաստուն զորավար, որը միայն թշնամու բանակի դեմ է կռվում:

Սերիալը լռում է այն մասին, որ այդ «փառահեղ» հաղթանակների իրական գինը տասնյակ հազարավոր անմեղ հայ գյուղացիների, կանանց ու երեխաների արյունն էր, կործանված օջախներն ու բռնի տեղահանությունը:

Սահմռկեցուցիչ է, երբ միջին վիճակագրական հայ սպառողը, հիացած «Հոյակապ դարով», նախընտրում է թեթև, էմոցիոնալ ժամանցը՝ սեփական ձեռքով անջատելով ազգային ու պատմական ինքնապաշտպանական բնազդները։ Այս ամենը որպես «հեքիաթ» կամ պալատական սիրավեպ դիտողները կուրորեն մոռանում են, որ հենց այդ նույն պալատում, նույն այդ սուլթանների թեթև ձեռքով է որոշվել իրենց նախնիների կողոպուտի, արյան հարկի և բնաջնջման ճակատագիրը։

Սա պարզապես ցավալի իրողություն չէ. սա մեդիա-քարոզչության կատարյալ և ամենավտանգավոր հաղթանակն է մարդկային գիտակցության նկատմամբ։ Թուրքական կինոարտադրությանը հաջողվել է անհնարինը՝ ստիպել զոհի թոռանը հեռուստաէկրանների առջև հիանալ ու համակրել սեփական դահճին։

Սա հավաքական հիշողության կաթված է, որի դեմ չպայքարելը հավասարազոր է հերթական հայրենազրկմանը սեփական կամքով ընդառաջ գնալուն։

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ